«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ի նոր պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 24-ին:
Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը, թողարկվելու են պարտատոմսեր՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար և 200 միլիոն ՀՀ դրամ ծավալներով: Այս նոր պարտատոմսերն ունեն բավականին բարձր եկամտաբերություն. դոլարայինը 9% տարեկան, իսկ դրամայինը՝ 14%: Մեկ տարի առաջ ընկերությունը թողարկել է իր առաջին պարտատոմսերը (կրկին դրամով ու դոլարով):
«Այս անգամ որոշել ենք կրկնապատկել ազգային արժույթով թողարկման ծավալը՝ հաշվի առնելով նախորդ տարվա պահանջարկը, երկարելու է նաև մարման ժամկետը. դրամայինի համար՝ սահմանվում է 2 տարի, դոլարայինի համար՝ 3 (նախորդ 1 և 2 տարվա փոխարեն):
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի պարտատոմսերը կտեղաբաշխվեն նաև ֆիզիկական անձանց միջև՝ որպես բանկային ավանդի այլընտրանք, իսկ ֆինանսական կազմակերպությունները պարտատոմսեր հիմնականում ձեռք են բերում իրենց ազգային արժույթներով ակտիվները համալրելու նպատակով: Դիտարկելով նախորդ տեղաբաշխումը՝ կարող եմ փաստել, որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ին վստահում են ֆինանսական կառույցներ, որոնց կարծիքը ձևավորվում է մասնագիտական գիտելիքների հիման վրա կատարված վերլուծության արդյունքում»,- ասաց Իգրարյանը:
«Մենք շուկայում ենք արդեն 6 տարի, ինչը հուսալիության առումով բավականին բարձր գրավական է ներդրողների համար՝ ի լրումն մեր ֆինանսական ցուցանիշների: Այս տարի ակնկալում ենք ավելի շատ պահանջարկ քաղաքացիներից, ում մշտապես փորձում ենք իրազեկել պարտատոմսերի առավելությունների մասին: Պարտատոմսը ֆիզիկական անձանց համար հանդիսանում է բարձր եկամտաբերությամբ և ցածր ռիսկայնությամբ շահավետ ներդրումային գործիք:
Պարտատոմսի առավելություններից մեկն այն է,որ, ի տարբերություն ավանդների, որոնք ժամկետից շուտ մարման դեպքում վերահաշվարկվում են ցպահանջի տոկոսադրույքով, պարտատոմսերի դեպքում եկամուտը, անկախ մարման և վաճառքի ժամկետից, հաշվարկվում է նախանշված տոկոսադրույքով: Բացի այդ նշեմ, որ այն հանդիսանում է իրացվելի ակտիվ , որը, ի տարբերություն ավանդի, կարելի է ցանկացած պահին վաճառել և ստանալ վաճառքի օրվա դրությամբ կուտակված եկամուտը, իսկ պահանջարկի մեծացման ժամանակ ( որը նշանակում է պարտատոմսի գնի թանկացում), կարելի է ակնկալել նաև հավելյալ եկամուտ», - նշեց Իգրարյանը:
Պարտատոմսեր ձեռք բերել ցանկացողները կարող են դիմել բանկերին, որտեղ իրենց համար կբացվեն պամատասախան հաշիվներ կամ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի անդամ ներդրումային ընկերություններին, որոնք հաճախորդի համար ձեռք կբերեն պարտատոմսեր:
Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում, իսկ «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությունը, հանդիսանալով մեր շուկա ստեղծողը, կկատարի պարտատոմսերի երկկողմանի գնանշում: Գնված արժեթղթերի գներին և եկամտաբերությանը կարելի է հետևել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի, իչպես նաև՝ պարտատոմսերի մարքեթ-մեյքեր «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերության կայքերում:
Նշենք, որ 2016թ. Երրորդ եռամսյակի դրությամբ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն ընդհանուր ակտիվները կազմում են 11.3 մլրդ, իսկ վարկային պորտֆելը՝ 9,9 մլրդ ՀՀ դրամ, ինչը 16,5%-ով բարձր է նախորդ տարվա մակարդակից:




























