Շենգավիթում «Լիա» գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ նոյեմբերի 21-ին, կալանավորվել է Արա Բանդուրյանը «քյավառցի Ալիկը»: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Բացի Արա Բանդուրյանից, կալանավորվել են նաեւ հարուցված քրեական գործով մյուս 4 մեղադրյալները:
«Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած 2 անձի սպանության գործով քննիչը որոշում էր կայացրել՝ եւս երեք անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին. Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Մուշեղյանի սպանությունը դրդելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Արմեն Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար, Արտակ Նազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար։
Նշենք, որ քրեական գործի շրջանակներում նոյեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել նաեւ գեղեցկության սրահի տնօրեն Պետրոս Իսրայելյանին՝ Մուշեղ Մուշեղյանի սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ Ռուբեն Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը)։
Երեւանի քննչական վարչությունում շարունակվում է «Լիա» գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքնությունը:
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ տուժածներից մեկը հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց:




























