Ռուսաստանը չի առարկում Սիրիայում նոր հումանիտար դադարների ներդրմանը, սակայն երաշխիքներ է պահանջում, որ դրանք ըստ նշանակության օգտագործվեն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:
Գատիլովը նշել է, որ իրենք պետք է հստակ երաշխիքներ ստանան, որ այդ դադարները կօգտագործվեն Արեւելյան Հալեպի պաշարված շրջաններից քաղաքացիական բնակչությանը դուրս բերելու համար: Գատիլովի խոսքով՝ «այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ ահաբեկիչները քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան են օգտագործում, նրանց թույլ չեն տալիս այդ շրջաններից դուրս գալ եւ ամեն ինչ անում են դրան խոչընդոտելու համար, հասկանալի է՝ ինչ պատճառներով, որպեսզի եւ՛ սիրիական բանակին, եւ՛ Ռուսաստանին մեղադրեն քաղաքացիական օբյեկտները, հիվանդանոցները եւ քաղաքացիական բնակչությանը հարվածելու համար՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»:
Նա նաեւ հույս է հայտնել, որ ՄԱԿ-ին, Սիրիայի իշխանություններին եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին կհաջողվի թեկուզ ինչ-որ չափով իրականացնել այդ հումանիտար դուրսբերումները:




























