Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հետ է կանչում աղմուկ հանած օրինագիծը, որը անչափահասների նկատմամբ բռնարարների ազատության ճանապարհն էր բացում: Օրինագծով նախատեսվում էր հանցագործի ազատ արձակում զոհի հետ ամուսնանալու դեպքում:

Hurriyet-ը հայտնում է, որ օրինագիծը երկրում դժգոհության եւ զայրույթի ալիք է բարձրացրել: Այն նախատեսում է, որ ցանկացած սեքսուալ բռնության դեպքում բռնարարը կարող է պատասխանատվությունից ազատվել զոհի հետ ամուսնանալու պարագայում: Փաստաթուղթը հարուցել է ընդդիմության, իրավապաշտպանների եւ հասարակության լայն շերտերի ներկայացուցիչների դժգոհությունը:
Նախօրեին ՄԱԿ փորձագետները Թուրքիայի իշխանություններին կոչ են արել հետ կանչել օրինագիծը, որը չի լուծում վաղ ամուսնությունների խնդիրը եւ փաստորեն խրախուսում է երեխաների նկատմամբ բռնությունները: