ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանին սպանելու մեջ մեղադրվող նրա ծառայակից 19-ամյա Միքայել Զաքարյանը մեղսունակ է ճանաչվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսի իրավահաջորդի շահերի պաշտպան Անի Չատինյանը: Փաստաբանի խոսքով համալիր դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննությունների համաձայն Միքայել Զաքարյանը մեղսունակ է ճանաչվել. «Մեր կողմից քննչական գործողություններ իրականացնելու մասին միջնորդություններ է ներկայացվել՝ հասկանալու արդյոք Հովհաննեսի եղունգների տակ, մաշկին կան օտար մանրաթելեր, պարզելու՝ արդյոք քաշքշուք եղել է, թե ոչ»:
Անի Չատինյանը նշեց, որ միջնորդություն են ներկայացրել նաեւ՝ պարզելու Հովհաննեսի եւ Միքայելի հրամանատարական կազմը, սակայն, պարզվել է, որ զորամասը, որտեղ նրանք ծառայել են, եղել է ամենավտանգավոր դիրքերից մեկը եւ ապրիլյան պատերազմի ժամանակ նրա հրամանատարական կազմի անդամներից շատերը զոհվել են. «Մենք նաեւ միջնորդություն ենք ներկայացրել՝ պարզելու արդյոք խնդիրներ ունեցել է ծառայակիցների հետ, արդյոք հրամայական կազմն իմացել է դրա մասին եւ հնարավոր էր արդյոք այդ միջադեպը կանխել: Մի մասով այդ միջնորդությունը բավարարվել է, մյուս մասով, քանի որ հրամանատարական կազմի մեծ մասը զոհված է, այդ գործողություններն իրականացնել հնարավոր չէ եւ այդ հիմքով մերժվել է»:
Նշենք, որ Միքայել Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը նշել էր, որ Հովհաննեսը Միքայելի ինքնաձիգը կատակով փորձել է վերցնել եւ հենց այդ քաշքշոցի ժամանակ էլ արձակվել է մահացու կրակոցը: Փաստաբանի խոսքով՝ Միքայելն իրեն մեղավոր ճանաչում է միայն ՔՕ 373 հոդվածի 3-րդ մասով՝ զենքի, ռազմամթերքի, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթեւ կամ միջին ծանրության վնաս, որը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նշենք, որ քննչական կոմիտեից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ Հովհաննես Հարությունյանին սպանել են, ոչ թե մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Քննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ էին ձեռք բերվել, որ դիտավորյալ սպանություն է տեղի ունեցել:
Հովհաննեսի սպանության մեջ մեղադրվող Միքայել Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով, որը պատժվում է ութից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Միքայել Զաքարյանը գտնվում է կալանքի տակ՝ «Շուշիի» քննչական մեկուսարանում:
Նշենք, որ Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ունի, ինքն ընտանիքի երրորդ երեխան էր: Նա սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր, բնակվում էին Աշտարակի Մուղնի թաղամասում, զբաղվում անասնապահությամբ: Նրանք տուն չունեն, ապրում են ծանր պայմաններում:
Հովհաննես Հարությունյանը ծնունդով Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից էր, նրանց ընտանիքը տարիներ առաջ Արեւիկից տեղափոխվել է Աշտարակ:
Զինծառայողը զոհվել էր մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




























