Համալսարանական կրթությունը միայն գիտելիք չէ. այն նաեւ հիշողություն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի Հյուսիսային համալսարանում «Հայաստանը՝ տարածաշրջանային գիտակրթական կենտրոն» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ նշել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գիտաժողովը նվիրված էր Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին:
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ով շնորհակալություն է հայտնել Հյուսիսային համալսարանի ղեկավարությանը՝ Սանահինի 1050-ամյակը նշելու համար: «Համալսարանական կրթությունը միայն գիտելիք չէ. այն նաեւ հիշողություն է, որը կապում է անցյալն ապագային: Եվ այն, որ Հյուսիսային համալսարանը նշում է մեր միջնադարյան լավագույն բուհերից մեկի 1050-ամյակը, արդեն կարեւոր է եւ՛ գիտական, եւ՛ խորհրդանշական իմաստով, որովհետեւ, ի վերջո, մենք կարիք ունենք վերարժեւորել մեր քաղաքակրթությունը եւ հասկանալ՝ որն է հայի տեսակը կապող կարեւոր հիմքը:
Այս իմաստով կարող ենք հպարտորեն ասել, որ մենք այն ժողովուրդն ենք, որը կարողացել է համաշխարհային ձեռքբերումները տեղայնացնել, դարձնել սեփականը եւ ստեղծել իր ուրույն մշակույթը: Հայ կրթական համակարգը միշտ սպասարկել է հայ տեսակի լինելիությունը եւ շարունակական ապահովումը: Երբ, օրինակ, Մատենադարանում տեսնում ես ձեռագրեր, միտք, որոնք եվրոպական Վերածննդին համարժեք են եւ դրանից շատ ավելի առաջ՝ արդեն կիրառելի Հայաստանում, ապա զգում ես, որ հայ քաղաքակրթական տեսակն ամբողջությամբ շարունակվելու իրավունք ունի: Այս իմաստով միջնադարյան համալսարանների գոյությունը կարեւոր է, որպեսզի կարողանանք մեզ եւ աշխարհին հաստատել, որ իրավունք ունենք ունենալ մեր սեփական տեսակի քաղաքակրթությունը:
Ի վերջո, շատ է խոսվում քաղաքակրթությունների համագործակցության եւ պայքարի մասին, բայց կարեւոր է հասկանալ, որ փոքր ժողովուրդը կամ պետք է ուժ ունենա այդ մեծ ընտանիքում ձեւավորել սեփականը կամ պիտի հետեւի մեկ այլ մեծ քաղաքակրթական տեսակի: Մենք այն ժողովուրդն ենք, որ առաջինը տիեզերական ուսմունք, քրիստոնեություն ընդունելով՝ կարողացել է ձեւավորել սեփական ուրույն ուղղությունը, ունենալ եզակի այբուբեն, որը կիրառվում է առ այսօր, ձեւավորել միջնադարյան համալսարանների շարք, որոնք իրենց ուսումնասիրություններով եւ առարկայացանկով հավասար էին այդ ժամանակվա բոլոր միջազգային դպրոցներին: Ներկայումս պարտավոր ենք ունենալ միջազգային ծրագրեր եւ նորամուծություններ, լինել այդ մեծ համակարգի մեջ, սակայն միշտ հիշել հազարամյակների պատմություն ունեցող մեր հիմքը եւ հասնել նրան, որ անկախ Հայաստանը ձեւավորի իր սեփական կրթական միջավայրը: Այս իմաստով նման գիտաժողովների անցկացումը կարեւոր է, եւ նման նախաձեռնությունները պետք է շատ լինեն, որովհետեւ դրանք ճանաչողական նշանակություն ունեն եւ՛ ուսանողների, եւ՛ հասարակության համար»,-նշել է նա:
Գիտաժողովի ընթացքում հնչել են ելույթներ եւ զեկույցներ, որոնք մասնավորապես վերաբերել են բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին եւ զարգացման արդի միտումներին, հայ միջնադարյան թարգմանական գրականությանը, միջնադարյան հայ կրթական համակարգի ուսուցման սկզբունքներին եւ այլն:




























