Սարի թաղում հուլիսի 29-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանական գործողությունների ժամանակ աչքը կորցրած անչափահաս Սայաթ Հարությունյանի ընտանիքը բողոք չի ներկայացրել:
NEWS.am-ի տեղեկություններով` Սայաթը հարցաքննվել է դեպքից հետո, իսկ դրանից հետո արդեն իրավապահ մարմիններին հայտնել է, որ որեւէ բողոք չունի: Թե ինչի հետեւանքով է 17-ամյա տղան նման ծանր վնասվածք ստացել, հարազատներն առ այսօր չգիտեն:
Տեղեկությունը ճշտելու նպատակով կապվեցինք Հարությունյանների հետ, ընտանիքի մայրը նշեց, որ չեն ուզում` որդին նորից այդ ամենը վերապրի:
Հիշեցնենք, որ Վարդենիսի Շատվան գյուղի բնակիչ Սայաթ Հարությունյանը 2016թ. հուլիսի 29-ին Երեւան էր եկել՝ ծննդյան օրվան պատրաստվելու առիթով։ Նա բողոքի ակցիաներով, ցույցերով ու երթերով երբեք չի հետաքրքրվել։ Սարի թաղում հորեղբայրն է ապրում, որոշել էր հորեղբոր որդուն այցելել, սակայն ճանապարհների փակ լինելու պատճառով ցույցի մասնակիցների հետ է բարձրացել։ Հորեղբոր տան փողոցը շփոթել ու մնացել է երթի մեջ։ Ծխանռնակների պայթյունից վնասվել է նաեւ Սայաթի ոտքը:




























