Արարատի մարզի Վանաշեն գյուղում նոյեմբերի 21-ի երեկոյան 13-ամյա Գագիկ Մինասյանի առեղծվածային մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդված 1-ին մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացած Գագիկի դիակի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութ եւ փամփուշտներ:

Նշենք, որ փոքրիկ տղան բնակվում էր տատիկի եւ մոր հետ: Նրանք առողջական խնդիրներ ունեն, Գագիկն աշխատում էր եւ պահում նրանց:

Հիշեցնենք, որ Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն նոյեմբերի 20-ին երեկոյան ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։ Ոստիկաններին եւ քննիչներին երեխայի տատը հայտնել է, որ երեխան ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն, հետո դուրս եկել եւ  դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո դուրս գալով՝ երեխային հայտնաբերել է մահացած։