Վերաքննիչ դատարանը մերժել է Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին  կնոջը դանակի 30 հարվածով սպանելու մեղադրանքով 11 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Արտակ Առաքելյանի պատիժը խստացնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանի բողոքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված Հեղինե Դարբազյանի իրավահաջորդի ներկայացուցչի փաստաբան Սեդա Սաֆարյանը:

«Մենք ուզում էինք, որ արարքը դիտարկվեր որպես առանձին դաժանությամբ արված սպանություն եւ նրան մեղադրանք առաջադրվեր 104-ի  2-րդ մասով, սակայն, մերժեցին»,-ասաց նա:

Սեդա Սաֆարյանը նշեց, որ դիմելու է Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ Արտակ Առաքելյանը օգոստոսի 23-ին դատապարտվել է 11 տարի եւ 6 ամիս ազատազրկման: Դատարանը նաեւ նրանից բռնագանձել էր  1.600.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում նրա սպանված կնոջ՝ Հեղինե Դարբազյանի թաղման արարողության համար:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանքով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը  խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:

Արտակ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում էր սպառնում: