Ստարտափ հիմնելիս հայերը պետք է գլոբալ մտածեն. ձեր շուկան, ինչպես եւ Իսրայելինը, շատ փոքր է հաջողության հասնելու համար: Գլոբալ մտածելակերպ ունենալը որոշիչ հարց է ձեռնարկատիրության մեջ: Այս մասին ասել է Թել-Ավիվի համալսարանի Կրթության եւ աքսելերացիայի կենտրոնի տնօրեն Էլիա Էլոնը Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում:
Էլոնի կարծիքով՝ գլոբալ ձեռնարկատիրական մտածելակերպի շնորհիվ է, որ իսրայելական ընկերությունների 95 %-ը երկրի տարածքից դուրս են վաճառում իրենց պրոդուկտները: Ներկայացնելով Իսրայելի ՏՏ ոլորտի հաջողությունները՝ նա նշել է, որ դա ամենայն հավանականությամբ պայմանավորված է հրեա ժողովրդի ուսումնատենչությամբ, գլոբալ ձեռնարկատիրական մտածելակերպով եւ անվտանգության մարտահրավերներով:
«Հայաստանն ու Իսրայելը շատ նմանություններ ունեն: Մենք էլ ձեզ պես լուրջ խնդիրներ ունենք մեր հարեւանների հետ, դարեր շարունակ մի տեղից մյուսն ենք տեղափոխվել, բայց որ ամենակարեւորն է՝ անհագ ծարավ ունենք ուսման հանդեպ: Նման անբարենպաստ պայմանները ձեւավորել են դիմացկունություն եւ ռիսկի գնալու քաջություն, ինչը ձեռնարկատիրության մեջ կարեւոր դեր ունի: Մեր պատմության ողջ ընթացքում գիտնականը որպես հերոս է որակվել: Մենք միշտ կարեւորել ենք ոչ թե մարդկանց քանակը, այլ անհատի մտքի զորությունը: Հայերը շատ են նման հրեաներին»,- հավելել է Թել-Ավիվի համալսարանի Կրթության եւ աքսելերացիայի կենտրոնի տնօրենը:
Իսրայելը ստարտափ էկոսիստեմի հարմարավետության տեսանկյունից աշխարհում երկրորդ տեղն է գրավում՝ առաջին տեղը զիջելով միայն ԱՄՆ-ին: Ընդ որում էկոհամակարգին աջակցությունը պետական մակարդակով է արվում: Իսրայելական էկոնոմիկայի նախարարությանը կից գործում է այսպես կոչված «գլխավոր գիտնականի գրասենյակը»: Այստեղ կարելի է դրամաշնորհներ ստանալ սեփական նախագծերի համար՝ պայմանով, որ ինտելեկտուալ սեփականությունը կմնա Իսրայելի տարածքում: Դրամաշնորհների չափը տպավորիչ է՝ հասնելով մինչեւ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար:
Այստեղ գործում են նոր սերնդի ինկուբատորներ: Դրանք ֆինանսավորում են թե սկսնակ, թե արդեն զարգացման որոշակի փուլ անցած ընկերություններին: Բացի դրանից, կան ինկուբատորներ, որոնք ընկերություններին պատրաստում են որոշակի շուկաների համար, օրինակ՝ Չինաստանի, ԱՄՆ-ի եւ այլն:
Իսրայելում գործում են 6000 գրանցված ստարտափ, 250 ակտիվ վենչուրային ֆոնդ եւ 280 հետազոտական եւ տեխնոլագիական կենտրոն: Վերջին տարվա ընթացքում իսրայելական ստարտափերը ստացել են 4.5 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում:




























