Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կատարելու մեջ մեղադրվող` Արշակ Սադոյանի որդին` Արեգ Սադոյանը, ու Ռաֆայել Կարագյոզյանն իրենց առաջադրված մեղադրանքներն ընդունում են:

Այսօր` նոյեմբերի 24-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալները խնդրեցին արագացված կարգով դատաքննություն անցկացնել:

Ըստ մեղադրական եզրակացության` Ռաֆայել Կարագոզյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշել եւ փորձել է խլել մեկ այլ ոստիկանության աշխատակցի վահան: Արեգ Սադոյանը նույնպես ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մեղադրող կողմը նույնպես կողմ արտահայտվեց ամբաստանյալների միջնորդությանը` արագացված քննություն անցկացնելու վերաբերյալ:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Նշենք, որ Արեգ Սադոյանի փաստաբան Վարդան Բուռնաչյանը դատարանին ներկայացրեց նաեւ Վազգեն Մանուկյանի եւ Շավարշ Քոչարյանի կողմից ուղարկված երաշխավորությունը: