Ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը ավարտական 6 քննություններից երեքը կարող է դեկտեմբերին հանձնել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կրթության եւ գիտության նախարարության Միջնակարգ կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: 12-րդ դասարանի աշակերտը դեկտեմբերին պետք է պետական ավարտական քննություններ հանձնի միայն այն առարկաներից, որոնք չի ընտրել բուհ ընդունվելու համար, եւ այդ առարկաները 2-րդ կիսամյակում չի անցնի:  

Հովհաննիսյանի խոսքով՝ այս որոշումը կնպաստի 2-րդ կիսամյակում այն առարկաները սովորելու հնարավորությանը, որոնք աշակերտներին անհրաժեշտ են նաեւ հետագայում: Ըստ պաշտոնյայի՝ նախաձեռնությունն ուղղված է 12-րդ դասարանի աշակերտների համար այնպիսի մթնոլորտ ստեղծելուն, որը ավագ դպրոցին կօգնի ծառայել իր իրական նպատակին: «12-րդ դասարանի աշակերտները 2-րդ կիսամյակում կարող են ընտրել առնվազն 3 առարկա եւ այդ առարկաներից ավարտական քննություններ հանձնել»,- հավելեց Նարինե Հովհաննիսյանը:
Նշենք, որ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի պետական ավարտական քննությունը տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի 26-ին, «Մաթեմատիկա» առարկայինը՝ դեկտեմբերի 28-ին, «Հայոց պատմություն» առարկայինը՝ դեկտեմբերի 29-ին: