Բելառուսը պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Trend-ի հետ հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Անկեղծ կլինեմ, ինչպես բելառուսներն անտարբեր չմնացին Դոնբասում կատարվածի նկատմամբ, այնպես էլ մեր սրտերը ցավում են Ղարաբաղի համար։ Եվ դա պատահական չէ։ Չէ՞ որ մենք բոլորս՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերը եւ ադրբեջանցիները, դուրս ենք եկել նույն բարեկամական ընտանիքից, որը կոչվում էր ԽՍՀՄ։ Այդ պատճառով մենք կգործադրենք բոլոր ջանքերը խաղաղության, նորմալ կյանքի եւ մարդկանց հանգստության համար, որտեղ էլ որ դա լինի»,– ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մինսկի դիրքորոշումն անփոփոխ է, «խնդիրը կարող է լուծվել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»: «Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է կողմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ հակամարտությունից խաղաղ ելք գտնելու հարցում: Մենք հիմք ենք ընդունում այն, որ մարդկանց համար ավելի մեծ արժեք չկա, քան հայրենի հողում խաղաղությունն ու անդորրը»,- հավելել է Լուկաշենկոն:


























