Ոսկերչության ոլորտը միշտ զարգացած է եղել Հայաստանում ու հիմա կարող է Հայաստանը ոչ շատ հեռու ապագայում ամբիցիաներ ունենալ եւ իր տեղը գտնել:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ակնագործության և ոսկեգործության ոլորտի խնդիրներին և զարգացման հեռանկարներին նվիրված հանդիպում-քննարկման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Նրա խոսքով, որոշակի ժամկետում այդ ոլորտը ՀՀ-ում անկում է ապրել, բայց պետությունն ուզում է այդ բացը լրացնել. «Ժամանակներ են եղել, որ շատ մեծ ծավալներով մշակվել է, եւ հիմա ուզում եմ, որ ազատ ասեք, թե ինչ կարող է անել կառավարությունը, որ ոլորտն ավելի արագ զարգանա:

Հանդիպմանը մասնակցում էին ոլորտի 10-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ:

Նրանցից «Hakobian Jewelry» ընկերության ներկայացուցիչ Սիմոն Գալֆայանը հայտարարեց, որ խնդիրներ է ունեցել արտահանման եւ ներմուծման հետ կապված. «Արտահանման դեպքում մաքսային փաստաթղթերում լրացնում ենք այն քանակությամբ ապրանք, որքան տվյալ պահին ցանկանում ենք արտահանել, սակայն արտահանման պահին կամ դրան նախորդող օրերին, եթե ցանկանում ենք այլ մոդելների ոսկեղեն էլ արտահանել, ապա չենք կարողանում, քանի որ սահմանված ընթացակարգի խախտում է դա համարվում:  Արդյոք ես իրավունք կունենա՞մ ավելացնել ապրանքը, հետո լրացնել թղթաբանությունը: Ներմուծման ժամանակ էլ նույնն է, մինչեւ թուղթը բերում եմ 4 օր է լինում: Առաջ արագ էր, հիմա ամիսներ է տեւում ձեւակերպումները»:

Ոսկերչությամբ զբաղվող «Բյուրե» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանն էլ դժգոհեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո լիցենզիայի ձեռքբերման ընթացակարգը բարդացել է. «Մինչեւ ԵՏՄ մտնելը ամեն ինչ շատ պարզ էր ու հստակ: Ես վերջին անգամ լիցենզիայի համար 5-6 ամիս չարչարվել եմ, չեմ կարողանում ստանամ: Երկրորդ՝ առաջ մեծ գործարաններ էին, լիցենզիայի մեկ մլն դրամը բոլորին հասու էր, իսկ հիմա 5-6 տարվա գործարանը այդքան եկամուտ չունի, որ այդ մեկ մլն դրամը վճարի: Ես խնդրում եմ՝ այդ մի քանի հարցերի վրա ուշադրություն դարձնել»,- ասաց Սարգիս Սարգսյանը՝ հավելելով, որ ձգձգումներ են լինում արտահանման եւ ներմուծման ժամանակ, որը տեւում է 1,5-2 ամիս:

Նա օրինակ բերեց, որ մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ից վերամշակման համար ադամանդ է ստացել, որի ձեւակերպումը տեւել է 1,5 ամիս՝ միայն ստանալու թղթաբանությունը, մշակումը 1 ամիս, իսկ երկու ամիս էլ տեւել է արտահանելը:

Ի պատասխան նախարար Կարայանն ասաց, որ լիցենզիաների հարցը լուծվելու է, գուցե ընդհանրապես վերացվի, փոխվելու է նաեւ ծանուցման համակարգը. «Երբեւիցե նման ձգձգումներ չպետք է լինեն, որ ամիսներ տեւեն: Ներմուծման եւ արտահանման ոլորտում կդնենք «մեկ պատուհանի» սկզբունքը, որ մեկ մարմնի հետ շփվեք եւ այդ բոլոր խնդիրները կառնվեն հսկողության տակ»,-ասաց նա: