Թափանցիկ ձեռնարկությունները կկարողանան «Ամերիաբանկից » 2 տոկոսային կետով ցածր վարկեր ստանալ: Այդ մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց բանկի՝ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: Խստապահանջ ձեռնարկատերերն այդ վարկը կկարողանան ստանալ նաեւ ավելի արագ՝ 5 օրում: Բանկը նաեւ կհոգա գրավի գնահատման եւ պայմանագրի նոտարական վավերացման ծախսերը:
Սրա համար ընկերությունը պետք է ճիշտ եւ ժամանակին ներկայացնի հաշվետվությունները հարկային մարմիններին եւ (կամ) ունենա հուսալի աուդիտորական եզրակացություն: Աուդիտորներից բանկը հուսալի է համարում Մեծ քառյակին (Deloitte, PWC, EY, KPMG) եւ BDO-ին:
Այս պայմաններով տրվելիք վարկը կարող է լինել մինչեւ 1 միլիարդ դրամ:
«Այս դեպքում մենք արդեն չենք ստուգի ընկերության ակտիվներն ու ֆինարդյունքները, հետեւաբար՝ ավելի քիչ ժամանակ կծախսենք վարկի հայտն ուսումնասիրելու համար», - ասաց Սահակյանը:
Նշենք, այս պահի դրությամբ «Ամերիաբանկից » վարկային պորտֆելը կազմում է շուրջ 410 միլիարդ դրամ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ընդհանուր վարկային պորտֆելն աճել է 19,7%-ով, այդ թվում ՓՄՁ եւ ֆիզանձանց վարկերի պորտֆելը՝ 35%-ով, իսկ միայն ՓՄՁ-ներինը՝ 55%-ով:




























