Դեկտեմբեր-փետրվար ամիսներին ունենալու ենք կլիմայական վայրիվերումներով ձմեռ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

 «Մեր հանրապետության տարածքն այդ երեք ամիսներին էլ շատ հաճախ ենթարկվելու է հիմնականում Սկանդինավիայի կողմից ներթափանցող արկրտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցությանը, որոնք կառաջացնեն օդի ջերմաստիճանի լուրջ նվազումներ, ձյան առատ տեղումներ առանձին օրերին բուք, եւ այլն, այսինքն՝ կհատաստվեն բավականին սառնամանիքային եղանակներ, եւ նաեւ շատ հաճախ կենթարկվենք Մերձավոր Արեւելքից ներթափանցող արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցությանը, որի արդյունքում էլ այդ օրերին կնկատվի օդի ջերմաստիճանի զգայի բարձրացում»,-ասաց նա:

Գագիկ Սուրենյանը բացատրեց, որ ձմռան ընթացքում կլինեն եւ՛ շատ սառնամանիքային օրեր, երբ ջերմաստիճանը ցածր կլինի -7-ից -10 աստիճանով, ձյան առատ տեղումներ կլինեն, եւ՛ շատ տաք օրեր, որ կլիմայական նորմայից բարձր կլինի 8-ից 10 աստիճանով:

Սուրենյանի խոսքով, ձմռան բոլոր երեք ամիսներին էլ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին: «Այսինքն՝ դա բերում է այն եզրակացության, որ սպասվում է ձնառատ ձմեռ, բայց նաեւ կլինեն օրեր, որ հովտային շրջաններում կլինեն նույնիսկ անձրեւներ»:

Երեւանում եւս ձմռան ընթացքում կլինեն ժամանակահատվածներ, երբ ցուրտ օդային հոսանքների ներխուժման դեպքում  ջերմաստիճանը  կհասնի գիշերային ժամերին -19-ից, -24 աստիճանի, իսկ տաք օդի ալիքների դեպքում +12, +15 աստիճանի:

«Եթե ընդհանուր գնահատենք եւ միջինացնելով, ստացվում է ամսական միջինացված ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում: Այսինքն՝ ասել, որ սպասում ենք ծայրահեղ ցուրտ կամ տաք ձմեռ՝ սխալ կլինի: Միջին ջերմաստիճանը նորմայի սահմաններում կլինի, բայց վայրիվերումները՝ եւ՛ շատ տաք, եւ՛ շատ ցուրտ եղանակները կհաջորդեն միմյանց»,-ասաց նա: