2017 թվականին Իսիկ Կուլ լիճ ուղեւորվող հաջորդ արշավախմբին հնարավոր է հայ մասնագետների մասնակցությունը: Այս մասին Երեւան-Բիշքեկ «Իսիկ Կուլի առասպելները: Լճի հատակին ինչ են թաքցրել հայ վանականները» տեսակամրջի ժամանակ հայտարարեց պատմական գիտությունների թեկնածու, դոկտոր Վասիլի Պլոսկին:
Վասիլի Պլոսկին նշեց, որ ամեն տարի իրականացվում են ռուս-ղրղզական արշավախմբեր: Սակայն հաշվի առնելով որոնումների մեծ մակերեսը եւ նյութի բազմաշերտ բնույթը, դեռեւս մեծածավալ աշխատանք կա: «Հուսով եմ, որ այս ամռանը կլինի համատեղ ղրղզա-ռուս-հայկական արշավախումբ: Մենք վաղուց ենք շփվում: Անցյալ տաի ես Հայաստանում էի: Այստեղ հարցը հիմնականում ֆինանսավորումն է»,- նշեց Պլոսկին:
Նրա խոսքով՝ արդեն կատարված աշխատանքի արդյունքներով դեռեւս չի հաստատվել այն առասպելը, որ լճի հատակին գանձ է թաքցված: «Դետեկտիվ պատմությունը սկսվում է Սեմյոնով Տյան-Շանսկուց, երբ նա Կատալոնական քարտեզ հայտնաբերեց: Էջերից մեկի վրա Իսիկ Կուլն է պատկերված եւ երկու եկեղեցիների շենք: Գրառման մեջ նշված է, որ դա հայկական տաճար է, որտեղ են պահպանվում Մատթեոս առաքյալի մասունքները: Հետագայում այս թեմայով այլ հիշատակություններ չեն հանդիպում»,- նշեց Վասիլի Պլոսկին՝ հավելելով, որ երկրի տարածքում, ընդհանուր առմամբ, հայերի եւ քրիստոնյաների ներկայության շատ հետքեր են հայտնաբերվել:
Պատասխանելով հայկական վանքի մոտավոր տեղակայման վայրի մասին հարցին՝ Վասիլի Պլոսկին նշեց, թե չի կարելի միանշանակ պնդել, որ տաճարը գտնվել է Կուրմենտիսկի ծոցում, քանի որ ուղղակի ապացույցներ չկան, չնայած դա անուղղակիորեն հաստատող արտեֆակտներ գտնվել են: Ավելի ուշ այդ նույն վայրում ուղղափառ տաճար է կառուցվել, որի ավերակները հիմա էլ կան: Սակայն չենք կարծում, որ պարտադիր է: Վարկած կա, որ տաճարը կարող է գտնվել Իսիկ կուլ (Լուսավոր հրվանդան) տեղանքում՝ ջրի տակ: Այստեղ իսկապես 2x5 կմ մեծությամբ օբյեկտ է հայտնաբերվել, որի հետազոտության համար մեծ միջոցներ են անհրաժեշտ: Դրա հետ մեկտեղ հարավային ափի հետազոտությունները դեռեւս արդյունք չեն տվել:
Խոսելով գանձի պատմության մասին՝ Վասիլի Պլոսկին նշեց, որ այն վերաբերում է 20-րդ դարասկզբին: Պատմությունը հակիրճ այսպիսին է՝ Չինաստանում ռուս էմիգրանտ Ուսպենսկին ծանոթացել է մի կուսակրոնի հետ: Մահվանից առաջ կուսակրոնն Ուսպենսկուն հայտնել է, որ եղել է Իսիկ Կուլի ինչ-որ գանձի պահապանը: Ղրղզստան վերադառնալով՝ Ուսպենսկին սկսել է գանձի որոնումները: Նրան հաջողվել է ալեբաստրե սալիկ գտնել, որը զարդարված էր եղջերուներով, ոսկե եւ բրոնզե թակերով: Պատմությունն իշխանություններին է հասել, եւ հետագայում պեղումներով զբաղվել են Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ներկայացուցիչները: Ղրղզստանի անկախության հռչակումից հետո գանձը գտնելու փորձերը վերականգնվել են, սակայն մինչ օրս բոլոր ջանքերն ապարդյուն են եղել:



























