«Սասնա Ծռեր» բարեգործական հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է վերջին օրերին «Սասնա ծռերի» խմբի եւ նրանց ընատնիքների անդամների կողմից իրենց վերաբերյալ տարծված հայտարարություններին:

«Սասնա Ծռեր» բարեգործական հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Սասնա Ծռեր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղբանտարկյալների, քաղհալածյալների եւ հուլիսյան օրերի ընդվզումների ընթացքում ձերբակալվածների ընտանիքներին բարոյական, տնտեսական եւ փաստաբանական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ:

Հիմնադրամը քաղաքական կազմակերպություն չէ եւ ոչ էլ որեւէ քաղաքական կառույցի կցորդ: Եթե այն ունի քաղաքական հռչակագիր, ապա, դա մարդու իրավունքների Ժնեւյան կոնվենցիան է, իսկ քաղաքական ուղղվածությունը՝ մարդասիրությունը։ Չնայած քաղաքական ճնշմանը Հիմնադրամը միշտ մնացել է Բարեգործական դաշտում։

Հիմնադրման պահին առավել համահունչ էր հիմնադրամն անվանել «Սասնա Ծռեր» անունով, քանի որ հենց «Սասնա Ծռեր» խմբի ընդվզումից ու դրան հաջորդած ձերբակալություններից էր ոգեշնչված հիմնադրամը ստեղծելու գաղափարը:

Ստեղծման պահից՝ 2016 թ. օգոստոսի 17–ից հիմնադրամն անցել է որոշակի ճանապարհ ու որոշակի փոփոխությունների ենթարկվել, չնայած դրան հավատարիմ մնալով իր նախնական նպատակին: Հոգաբարձուների խորհրդի հինգ անդամներից երկուսն իրենց սեփական դիմումով հրաժարվել են անդամակցությունից ։

Հիմնադրամն անընդհատ ձգտել եւ ձգտում է գտնել իր շահառուների ընտանիքներին օգնելու ավելի ու ավելի էֆեկտիվ, արդիական ու գրագետ ռազմավարություններ, նաեւ, կազմակերպում է լրացուցիչ գումարներ հայթայթելու զանազան միջոցառումների շարք: Սակայն, վերջին օրերին «Սասնա Ծռեր» խմբի անդամների եւ նրանց ընտանիքների անունից տարածվել են իրար հաջորդող հայտարարություններ, որոնցով, փաստացի, հրաժարվում են հիմնադրամի ծառայություններից: Անգամ առաջարկվում է փոխել հիմնադրամի անունը:

Տեղեկացնում ենք,որ հիմնադրամի անվան փոփոխման հարցը արդեն իսկ մտցված է վերակազմավորման գործընթացի օրակարգ:

Ինչ վերաբերում է շահառուների ցանկերը վերանայելուն,ապա, շահառուների ցանկում փոփոխություններ առայժմ չեն կարող իրականացվել, քանի դեռ հիմնադրամի հաշիվների վրա կան նվիրատվություններ, որոնք շահառուներին դեռ չեն փոխանցվել: Այն հնարավոր կլինի իրականացնել միայն հանգանակված գումարները բոլոր հասցեատերերի միջեւ բաշխելուց հետո: Բոլոր քաղբանտարկյալ կամ քաղհալածյալ ճանաչված անձանց ընտանիքները հնարավորություն կունենան դիմել ֆոնդին՝ շահառու ճանաչվելու համար:

Հիմնադրամը չի պատրաստվում ոչ պարտադրել իր աջակցությունը, ոչ էլ խտրական լինել շահառուների ընտրության հարցում:

Մենք վերահաստատում ենք մեր նվիրումը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածանքների կասեցման գործին, քաղբանտարկյալների ընտանիքների աջակցությանն ու Հայաստանի Հանրապետության կայացմանը որպես ազատ, ուժեղ, ժողովրդավարական պետություն»:

Նշենք, որ «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից դուրս են եկել Ժիրայր Սեֆիլյանի կինը Նանոր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերից» Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: