Չպետք է սահմանափակել Հայաստանի ընդդիմության ֆինանսավորումը: Այս մասին «Քաղաքական կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի նոր խմբագրմամբ օրինագծի քննարկմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Օրինագիծը կառավարությունն է կազմել՝ կապված 2015 թվականի դեկտեմբերին ընդունված սահմանադրական բարեփոխումների հետ:
Սարգսյանի կարծիքով՝ մտահոգություն են հարուցում կուսակցություններին ֆինանսական աջակցության եւ նրան ուղղված նվիրատվությունների ծավալի սահմանափակման առաջարկները:
Իշխանության կուսակցությունն ավելի շահավետ դիրքում է, քանի որ կարող է իր աջակցությունը բազմաթիվ եղանակներով քողարկել: Իսկ ընդդիմադիր կուսակցությունները նման հնարավորություն չունեն:
«Եվ եթե որեւէ ձեռնարկատեր կամ քաղաքացիների խումբ ցանկանա մեծ գումարներով աջակցել ընդդիմությանը, ինչո՞ւ եք ցանկանում նրանց խանգարել»,- հայտարարեց Սարգսյանը:
Ի պատասխան արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ սահմանափակումներն անհրաժեշտ են փողերի լվացման դեմ պայքարի նպատակով:
«Հետեւաբար՝ պետք է ինչ-որ սահման լինի: Եթե ցանկանում եք քննարկել, թե այն ինչպիսին պետք է լինի՝ խնդրեմ»,- հայտարարեց նա:



























