Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ամբաստանյալներից Մովսես Ազարյանի ինքնազգացողությունն ընդմիջման ժամանակ վատացել է: Դատարանը հայտարարեց, որ նրա պահանջով դատարան շտապօգնություն է կանչվել եւ ընդմիջում հայտարարեց:
Ընդմիջումից հետո դատարանը հայտարարեց, որ Մովսես Ազարյանն իրեն վատ զգալու պատճառով հրաժարվում է մասնակցել դատական նիստին: Դատարանը տեղեկացրեց, որ Մովսես Ազարյանը բողոքել է սրտի շրջանի անհանգստությունից, սրտխառնոցից: Հիվանդի ասելով նյարդայնացել է ու սկսել է վատ զգալ: Նա բուժօգնությունից հրաժավել է, նրան դեղահաբ է տրվել:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:




























