Գերմանիայի դաշնային դատական պալատը օրինական է ճանաչել «Օսվենցիմի հաշվապահ» Օսկար Գրյոնինգի նկատմամբ դատավճիռը, հայտնել է նրա փաստաբան Հանս Հոլսթերմանը։ Այսպիսով երկրի գերագույն դատական մարմինը առաջին անգամ է մեղավոր ճանաչել համակենտրոնացման ճամբարի այն աշխատակցին, որն անձամբ սպանություններին չի մասնակցել, հայտնում է DW–ն։
2015-ի հուլիսին Լյունեբուրգի դատարանը նախկին էսէսականին դատապարտել էր չորս տարվա ազատազրկման առնվազն 300 հազար մարդու սպանությանն աջակցելու համար։ Գրյոնինգը 1942-ի սեպտեմբերից մինչեւ 1944-ի հոկտեմբերը եղել է Օսվենցիմի «հաշվապահը»։ Նա բանտարկյալների իրերում գտած գումարները հաշվում էր, տեսակավորում ու ուղարկում Բեռլին «ԷսԷս»-ի վարչություն ։
Նոյեմբերի կեսերին Օսվենցիմի միջազգային կոմիտեի փոխնախագահ Քրիստոֆ Հոյբները դիմել էր Դաշնային պալատին՝ կոչ անելով հնարավորինս շուտ դատավճռի օրինականության մասին որոշում կայացնել։ Նա հայտնել էր, որ «Հոլոքոսթի այն բանտարկյալները, որոնք դեռ ողջ են, այլեւս ժամանակ չունեն ու ուզում են դեռ կենդանության օրոք իմանալ, արդյոք գերագույն դատարանը կճանաչի նացիստական մահվան ֆաբրիկայի ու դրա բոլոր աշխատողների պատասխանատվությունը»։




























