Բրազիլիայի ձախ կուսակցությունների ներկայացուցիչները պահանջում են հետաքննություն սկսել նախագահ Միշել Տեմերի դեմ, ինչպես նաեւ նրա իմփիչմենթը ձեռնարկել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի մշակույթի նախկին նախարար Մարսելո Կալերոն ոստիկանությանը հաղորդել է, որ Տեմերն իրեն հարկադրել է միջնորդ հանդիսանալ նախարարների կաբինետի անդամ Ժեդել Վիեյրա Լիմայի մասնակցությամբ գործարքում: Տեմերը հերքել է այս հայտարարությունը: Լիման հրաժարական է ներկայացրել կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

Երկուշաբթի դատախազությունը ձայնագրություններն է պահանջել, որոնք, Կալերոյի պնդմամբ, արվել են Տեմերի հետ զրույցի ժամանակ: Բացի այդ, Սոցիալիզմի եւ ազատության կուսակցությունը նաեւ Տեմերի իմփիչմենթի բաց գործընթաց սկսելու հայտ է ներկայացրել:

Սեպտեմբերին Դաշնային գերագույն դատարանը հավանության էր արժանացրել Petrobras ընկերության կոռուպցիոն սկանդալին Միշել Տեմերի մասնակցության նախաքննություն անցկացնելու որոշումը:

Բրազիլիայի Սենատն օգոստոսի 31-ին կողմ քվեարկեց նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթին, այդ պաշտոնին անցավ Միշել Տեմերը, որը նախագահելու է մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը, երբ պետք է լրանար Ռուսեֆի պաշտոնավարման ժամկետը: