Հաիթիում նախագահական ընտրությունների առաջին փուլում, ըստ նախնական արդյունքների, հաղթում է «Տետ Կալե» իշխանամետ կուսակցության ներկայացուցիչ Ժովենել Մոիզը, որը հավաքել է 55.67 տոկոս ձայն, հայտնում է AFP–ն։
Ժամանակավոր ընտրական խորհրդի ղեկավար Ուդեր Անտուանը հայտնել է, որ Մոիզը առաջ է անցել Ժյուդ Սելեստանից, որը հավաքել է 19.52 տոկոս։ Ժան Շառլ Մոիզը հավաքել է 11.04 տոկոս, Մարիզ Նարսիսը՝ 8.99 տոկոս ձայն։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 29-ին։
Նախագահի պաշտոնին հավակնում էր 27 մարդ։ Հիմնական թեկնածուներն էին համարվում Ժյուդ Սելեստանը՝ Առաջընթացի եւ Հաիթիի ազատագրման այլընտրանքային լիգայից , Ժովենել Մոիզը «Տետ Կալե»–ից, Ժան Շառլ Մոիզը «Պիտիտ Դեսսալան» քաղաքական պլատֆորմից, Մարիզ Նարսիսսը՝ «Ֆանմի Լավալյաս»–ից։
Նշենք, որ Հաիթիում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր 2015–ի հոկտեմբերին, սակայն արդյունքները չեղարկվել էին նախընտրական արշավի ժամանակ խարդախ միջոցների դիմելու պատճառով։




























