Հարավային Կորեայի նախագահի նախկին քարտուղարներից մեկը՝ Հյոն Գի Հվանը երեքշաբթի Պուսան քաղաքի դատախազությունում ցուցմունք է տվել կոռուպցիայի կասկածանքով: Այս մասին հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:
Հարցաքննությունը կատարվել այն սկանդալի ֆոնին, որը նախագահ Փակ Կըն Հեին իմպիչմենթով է սպառնում: Այն ծավալվել է անցյալ ամիս՝ պետական գործերին նախագահի մտերմուհի Ցոյ Սուն Սիլի միջամտության եւ կաշառակերության վերաբերյալ մամուլում տեղեկությունների հրապարակումից հետո:
Հյոն Գի Հվանը, որը 2015-ի հուլիսից մինչեւ ընթացիկ տարվա հունիս եղել է Փակ Կըն Հեի քաղաքական հարցերով քարտուղարը, կասկածվում է Պուսանում 101-հարկանի LCT երկնաքերի կառուցմամբ զբաղվող գործարարին արտոնություններ տրամադրելու մեջ:
Նախօրեին ձերբակալվել է նաեւ գործարարը՝ շինարարության ընթացքում տասնյակ միլիոնավոր դոլարի յուրացում կատարելու կասկածանքով:




























