Ֆուտբոլի Հարավամերիկյան կոնֆեդերացիան (CONMEBOL) չեղարկել է Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկության (Copa Sudamericana) եզրակափիչ խաղը բրազիլական «Շապեկոենսեի» եւ կոլումբիական «Ատլետիկո Նասիոնալի» միջեւ, հայտնում է Sexenio կայքը։
Որոշումն ընդունվել է օդանավի վթարի պատճառով, որով «Շապեկոենսեի» ֆուտբոլիստները ուղեւորվում էին Կոլումբիա։

Բոլիվիայից Մեդելյինի մեկնող օդանավը վառելիքի պակասի հետեւանքով վթարի էր ենթարկվել Ռիոնեգրոյի մոտակայքում նոյեմբերի 28-ի երեկոյան (Երեւանի ժամանակով նոյեմբերի 29 առավոտյան)։ Օդանավի հրամանատարն այդ մասին հայտնել էր դիսպետչերին, օդանավին վայրէջքի թույլտվություն էին տվել, սակայն այն չէր կարողացել հասնել նշանակության վայր։

Վերջին տվյալներով՝ կործանված օդանավում 81 մարդ է եղել. 72 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ:  Օդանավում են եղել նաեւ «Շապեկոենսե» թիմի 27 ֆուտբոլիստներ եւ լրագրողներ: