Կոլումբիայում օդանավի աղետի հետեւանքով 25 մարդ է զոհվել: Աղետի վայրում 13 մարդ փրկվել է, Twitter-ի իր էջում հայտնել է 360 Radio Colombia-ն՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:

Առաջինը հիվանդանոց տեղափոխված 6 տուժողների թվում են «Շապեկոենսեի» 27-ամյա պաշտպան Ալան Ռուշելը, որը հանդես է գալիս 10 համարի մարզաշապիկով, նրա վիճակը կայուն է: Ողջ մնացածների թվում են նաեւ թիմի դարպասապահ Մարկոս Դանիլոն եւ անդամ Ջեքսոն Ֆոլմանը: Փրկվածների թվում է նաեւ ուղեկցորդուհի Հիմենա Սուարեսը:

Բրազիլիայի Globo հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ օդանավը կարող էր ընկնել տեխնիկական պատճառներով՝ վառելիքի անբավարարության պատճառով: Հաղորդվում է, որ օդանավը ռադարների տեսադաշտից անհետացել է երկուշաբթի Մեդելինի օդանավակայանին մոտենալիս եւ ընկել է 42 րոպե հետո:

CP2933 չվերթը, որի սրահում էին անձնակազմի 9 անդամները եւ 72 ուղեւորներ, Բրազիլիայից օդ է բարձրացել երկուշաբթի երեկոյան եւ կանգառ է կատարել Սանտա Կրուսում: Մեդելինի օդանավակայանի ներկայացուցիչները Կոլումբիայի իշխանություններին տեղեկացրել են արտակարգ իրավիճակի մասին եւ անհրաժեշտ գործողություններ են սկսել պատահարի քննության ուղղությամբ: Օդանավակայանում ստեղծվել է արտակարգ իրավիճակների օպերատիվ կոմիտե: