ԱԺ նոր կանոնակարգ-օրենքով քառօրյա նիստերի օրակարգը կքննարկի եւ կձեւավորի խորհուրդը, որը կազմված կլինի ԱԺ նախագահից, տեղակալներից, խմբակցությունների եւ հանձնաժողովների ներկայացուցիչներից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ-ում նոր կանոնակարգ- օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

«Քառօրյա նիստերի օրակարգը պահպանվելու է: Երկուշաբթի կայանալու են խորհրդի նիստեր, որի ժամանակ կսահմանվի օրակարգը, հարցերի քննարկման ժամանակացույցը: Երեքշաբթի օրվանից ժամը 10:00-ից մինչեւ 18:00-ն կլինեն նիստեր, սակայն քառօրյա նստաշրջանը կարող է ավարտվել, երբ օրակարգը կավարտվի, սակայն այն չպետք է գերազանցի 3 օրը: Հնարավոր է նիստերը շարունակվեն նաեւ 18:00-ից հետո մինչեւ 24:00-ն, որպեսզի մեր պատգամավորների կողմից ներկայացված նախագծերը քննարկվեն»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով, շատ կարեւոր է ձեւավորվող այդ խորհուրդը, որը կոլեգիալ մարմին է, որում ներգրավված են նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ, այսինքն օրակարգն ու մյուս հարցերը սահմանվելու են միասնական քննարկման ժամանակ:

Հովհաննես Սահակյանը նաեւ կարեւորեց  այն նորամուծությունը, որը վերաբերում է քննիչ հանձնաժողովին: «Սա հիմնականում մենք դիտարկում ենք որպես մեր ընդդիմության գործիքակազմ, քանի որ 1/4-ի  պահանջով կարող է ձեւավորվել քննիչ հանձնաժողով՝ իրավունքի ուժով: Դա այն հարթակն է, որտեղ հանրությանը հետաքրքրող հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ»,- ասաց նա եւ նշեց, որ կարող է քննիչ հանձնաժողովը հրավիրել իր նիստերին համապատասխան պաշտոնատար անձանց: Ըստ այդմ, զեկույց է կազմվում, քննարկվում է նաեւ ԱԺ-ում, եւ ուղղվում նրան, ում վերաբերում է: Եթե հանցակազմ կպարունակի, հանձնաժողովը կարող է ուղարկել այն իրավապահ մարմիններին:

ՀՀԿ-ական պատգամավորն առանձնացրեց նաեւ խմբակցությունների հարցապնդումների իրավունքը, որը նույնպես ընդդիմադիրների գործիքակազմն է լրացնելու. «Նրանք կարող են հարցապնդմամբ դիմել կառավարությանը եւ 30 օրվա ընթացքում՝ վարչապետի ներկայացմամբ, կառավարությունը յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա երկրորդ նիստին պետք է ներկայացնի պարզաբանումներ, որից հետո սկսվում են քննարկումներ այդ հարցապնդման վերաբերյալ։ Այստեղ կարող է դրվել որեւէ պաշտոնյայի կամ վարչապետի անվստահություն հայտնելու հարցը նույնպես»,-ասաց նա: