Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանին հետաքրքրում է, թե ինչու նոր կանոնակարգ-օրենքով ամրագրված չէ լսումներից հետո զեկույցով հանդես գալու դրույթը:

«Նոր կանոնակարգ- օրենքով քննիչ հանձնաժողովի նիստերից հետո զեկույց է գրվելու, բացի դրանից կան նաեւ լսումներ, իսկ դրանց հիման վրա զեկույց ինչո՞ւ չենք գրում: Որովհետեւ այնպես չէ, որ լսումներին պետք է գանք, լսենք ու գնանք: Այն հանձնաժողովները, որոնք պարտավոր են լսումներ կազմակերպել, պարտավոր են նաեւ դրանց հիման վրա զեկույց գրել, որը նույն ուժը պետք է ունենա, ինչ քննիչ հանձնաժողովինը»,- այսօր՝ նոյեմբերի 29-ին, նոր կանոնակարգ- օրենքի նախագծի քննարկմանը ասաց Թեւան Պողոսյանը՝ դիմելով զեկուցող, խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին:

ՀՀԿ-ական պատգամավորն ի պատասխան նշեց, որ լավ առաջարկ է, իրենք այն կքննարկեն: Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց նաեւ՝ արդյոք ի վերջո հանձնաժողովների աշխատանքները լրջանալո՞ւ են, թե ոչ: «Ինքնագովեստ թող չլինի, բայց մեր հանձնաժողովում ցանկացած հարցի քննարկում եղել է եւ կա լուրջ: Ի տարբերություն այլ հանձնաժողովների՝ մենք շատ աշխատանքային քննարկում ենք այդ հարցերը նաեւ մեր ընդդիմադիր եւ դիմադիր գործիչների հետ: Մենք կարողանում ենք այդ քննարկման մթնոլորտն ապահովել նաեւ հանձնաժողովում»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Նշենք, որ ԱԺ-ում այսօր քննարկվում է նոր կանոնակարգ- օրենքը: