Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է աշխատակազմ տրամադրել պատգամավորներին, որոնք կօգնեն օրենքների մշակման եւ նոր նախագծերի հարցում:

«Սահմանադրական փոփոխության արդյունքում մենք այժմ անցումային փուլում ենք եւ գնում ենք դեպի խորհրդարանական պետություն: Ես չեմ զգում, որ ծանրության սլաքը գործադիր իշխանությունից տեղափոխվում է Ազգային ժողով: Մենք բազմիցս ենք քննարկել, որ Ազգային ժողովը հետ է մնում գործադիր իշխանությունից իր ռեսուրսներով, այնպիսի մեխանիզմներով, որոնք պատգամավորների համար կլինեն աջակցող՝ իրապես օրենսդրական աշխատանքով զբաղվելու եւ վերահսկողական առումով»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, խորհրդարանում նոր կանոնակարգ- օրենքի քննարկման ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը՝ դիմելով զեկուցող, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին:

Մարուքյանի խոսքով, այսօր ԱԺ պատգամավորն ունի մեկ վճարովի օգնական, մեկ հասարակական հիմունքներով օգնական, ինչը նոր կանոնակարգ- օրենքով նույնն է մնում. «Այսինքն ծանրության սլաքը չի փոխվում: Կարո՞ղ ենք այնպիսի մեխանիզմ ներդրել, որ այնպիսի բաշխում տեղի ունենա, որ պատգամավորներն ունենան աշխատակազմ ինչպես խորհրդարանում, այնպես էլ տարածքներում»:

ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց մի փոքր հաշվարկ իրականացնել՝ հասկանալու համար, թե ինչ ֆինանսական միջոցների մասին է խոսքը. «Գաղափարին կողմ եմ, բայց ֆինանսի առումով… եթե կարողանաք Կառավարության հետ համաձայնեցնել, որ իրենք այդ ֆինանսական միջոցները հատկացնեն, իդեալական կլինի յուրաքանչյուր պատգամավորի համար»: