Քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանը երրորդ անգամ ծնոտի բարդ վիրահատության է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա մայրը՝ տիկին Սոնյան:

«Վիրահատությունից հետո մի քանի օր Վերակենդանացման բաժանմունքում էր, հիմա վիճակը համեմատաբար կայուն է եւ տեղափոխվել է հիվանդասենյակ»,- նշեց վիրավոր զինծառայողի մայրը:

Ավետիսին եւս մեկ վիրահատություն է սպասվում, որը կարվի ամենայն հավանականությամբ գարնանը:

Նշենք, որ նախատեսվում էր, որ Ավետիս Զարգարյանի ծնոտի պլաստիկ վիրահատությունը պետք է կատարվեր Հնդկաստանում, որտեղ նա մեկնելու է վերականգնողական բուժում ստանալու: Սակայն առ այսօր հստակեցված չէ, թե երբ նա կմեկնի:

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի N զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ավետիս Զարգարյանը հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ստացել է համակցված ողնաշար-ողնուղեղային կույր հրազենային վիրավորում եւ հաջորդ օրն ուղղաթիռով տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորման հետեւանքով առաջացել է ողնուղեղի պարանոցային եւ կրծքային հատվածի ծանր աստիճանի սալջարդ-ջնջխում:

Ավետիս Զարգարյանը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության մեկնելու նպատակով: