Վանաձորում ամեն ինչ ժամանակի ընթացքում իր տեղը կընկնի, ժամանակ է պետք:  Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում նշել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն՝ անդրադառնալով ավագանու ընդդիմադիր դաշինքի նիստերը բոյկոտելուն:

«Ժամանակ է պետք, ամեն ինչ ժամանակի ընթացքում իր տեղը կընկնի: Ես ընդհանրապես «Լուսավոր Հայաստանի» հետ գործ չեմ ունեցել եւ չեմ էլ ուզում ունենալ»,-ասել է նախկին քաղաքապետը:

 Հիշեցնենք, որ Սամվել Դարբինյանից հետո, քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Մամիկոն Ասլանյանը, ում այդպես էլ չի հաջողվում գումարել ավագանու նիստ:

Սամվել Դարբինյանը նշեց, որ ինքը հոգնել էր քաղաքապետի պաշտոնից եւ անձամբ է ցանկացել աշխատանքի բնույթը փոխել, ոչ թե որեւէ մեկի որոշմամբ. «Դե ինչը սկիզբ ունի, ավարտ էլ ունի, ես որոշեցի, որ այլեւս չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել եւ գնացեի իմ բիզնեսներին»:

Նա ընդգծեց, որ հիմա զբաղված է իր «սիրած մասնագիտությամբ»՝ շինարարության բիզնեսով: Նախկին քաղաքապետը շեշտել է, որ քաղաքապետի պաշտոնը եկամտաբեր չէ:

Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո դեռ չի հաջողվել ավագանու նիստ գումարել: Բանն այն է, որ ավագանու նիստ գումարելու համար անհրաժեշտ է ավագանու 17 անդամի ներկայությունը, սակայն ՀՀԿ-ն ու նրա կոալիցիոն դաշնակից ՀՅԴ-ն միասին՝ ունեն միայն 15 անդամ, իսկ ոչ իշխանական ուժերը՝ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» միասին՝ 18 անդամ: Վերջին երեք ուժերը բոյկոտում են ավագանու նիստերը: