«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ազատամարտիկ Արմեն Մկրտումյանը պնդում է, որ ինքը բազմաթիվ հիվանդություններ ունի եւ այդպիսի առողջական վիճակում իրեն պահում են ոչ թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, այլ ՔԿՀ-ի խցում: NEWS.am-ի խմբագրություն զանգահարած ազատամարտիկի խոսքով,  ինքը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է իր առողջական խնդիրների մասին, սակայն, միշտ անտարբերության մատնվել:

«Բազմաթիվ առողջական խնդիրներ ունեմ, պատերազմի ժամանակ ստացած վիրավորումներից մնացած օտար մարմիններ մինչեւ հիմա կան գլխումս, արդեն 2 ու կես տարի բանտում եմ, այդ ընթացքում ինքնավնասվել եմ՝ մետաղով աչքերս կարել եմ եւ մինչեւ հիմա մետաղներ կան աչքերիս մեջ, բորբոքվել են: շուշիի բանտում 1986թ. ադրբեջանցիների կողմից կտտանքների եմ ենթարկվել, որովհետեւ թուրք գեներալների էի փորձել պայթեցնել: Կարելի է ասել՝ 30-ից ավելի հիվանդություն ունեմ, բայց անտարբերության են մատնել ինձ»,-ասաց նա:

Արմեն Մկրտումյանը նշեց, որ ինքը ճաղերի հետեւում է  հայտնվել վաշխառուի պատճառով. «Իմ բարեկամուհին ծանր հիվանդ էր, իրեն շտապ գումար էր հարկավոր: Մի կնոջից 19 հազար դոլար գումար վերցրեց, ես էլ երաշխավոր կանգնեցի: Բայց քանի որ բարեկամուհուս վիճակը գնալով վատանում էր, իր գումարը հետ էր պահանջում, դատի տվեց մեզ: Դատաքննության ընթացքում էլ իմ բարեկամուհին բազմաթիվ անգամներ ասել է, որ ես կապ չունեմ դրա հետ, ընդամնեը երաշխավոր եմ եղել, բայց ինձ մեղավոր ճանաչեցին եւ 6 տարվա ազատազրկման դատապարտեցին»,-պատմեց նա:

Արմեն Մկրտումյանը ՀՀ Արդարադատության նախարարությունից եւ ՀՀ Մարդու իրավուքնների պաշտպանից պահանջում է այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ,  ուսումնասիրել խուցը, որտեղ պահվում է ինքը եւ կազմակերպել իր առողջական վիճակի հետազոտում: