Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 30-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագիծը:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ օրենքն ընդունվեց 93 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:
Մինչ քվեարկությունը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ԱԺ կակոնակարգ-օրենքը սահմանադրական օրենքի նախագիծ է, հետեւաբար այն պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով:
Դեմ քվեարկող պատգմավորներն էին ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ-ն ընդունեց նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին նախագիծը 95 կողմ, 0 դեմ և 7 ձեռնպահ ձայներով։
ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց:
ԱԺ կանոնակարգ օրենքը նախաձեռել են ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները: Օրինագիծը նպատակ ունի արտացոլել Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված հաջորդ գումարման Ազգային ժողովի դերի մեծացումը:
Այս օրինագիծը առաջարկում է նոր լիազորություններ պատգամավորների եւ խորհրդարանական խմբակցությունների համար: Մասնավորապես, ԱԺ-ն իրավունք ունի իր խմբագրմամբ ընդունել կառավարության ներկայացրած օրինագծերը: Բացի այդ, խորհրդարանն իրավունք ունի կառավարությունից տվյալներ պահանջել նրա գործունեության այս կամ այն ոլորտի վերաբերյալ:
Ընդլայնվում են նաեւ խորհրդարանական ընդդիմության լիազորությունները: Մասնավորապես, ընդդիմությունը կարող է արտահերթ քննարկման ներկայացնել իրեն հետաքրքրող հարցերը, ինչպես նաեւ ստանում են ԱԺ փոխնախագահներից մեկի աթոռը:





























