Գալուստ Սահակյանը մեր ազգային ըմբռնումների մեջ չկա, որովհետեւ նրա ասածներն ըմբռնել ընդհանրապես շատ դժվար է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` արձագանքելով նախօրեին ԱԺ նախագահի այն հայտարարությանը, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանին ձեր հարազատը մի սարքեք, նա եղել է մեր ազգային ըմբռնումների մեջ»:
«Ես ապշած եմ. պարզվում է, որ նրա խոսքը հնարավոր է հասկանալ եւ ընկալել: Օրինակ, նա երեկ մի արտահայտություն արեց, որը ես փորձեցի հասկանալ. նա ասաց, որ Լեւոն Տեր- Պետրոսյանը մեր ազգային ամբողջ ըմբռնումների մեջ եղել է: Ճիշտն ասած, քանի որ ես սովոր եմ հակառակորդին հարգել, փորձում եմ լրջություն փնտրել, մի քանի տարբերակով փորձեցի հասկանալ, սակայն չստացվեց: Համենայնդեպս, ես հասկանում եմ, որ Գալուստ Սահակյանը մեր ազգային ըմբռնումների մեջ չկա, որովհետեւ նրա ասածներն ըմբռնել ընդհանրապես շատ դժվար է, այնպես որ չգիտեմ` նրա որ ասածին լուրջ վերաբերեմ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Լեւոն Զուրաբյանը խորհրդարանի ամբիոնից Գալուստ Սահակյանին մեղադրել էր ճամբարափոխության մեջ՝ 1990-ականներին ՀՀՇ–ից ՀՀԿ ճամբար անցնելու համար: Ի պատասխան՝ Սահակյանը կոչ էր արել Լեւոն Տեր-Պետրոսյանին իր հարազատը չդարձնել` հավելելով, որ ներկայում իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ժամանակին աջակցել են ոչ թե անձամբ նրան, այլ հայ ժողովրդի ազատագրական ոգին: