Կրթական ծրագրերը կենսունակ են  մեծ շուկաների պահանջարկի համատեքստում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գիտխորհրդի ընդլայնված նիստի ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար  Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին քննարկվել են  ՀՀ կառավարության՝  ագրոկրթության զարգացման հանձնարարականի շրջանակում ագրոմասնագիտությունների ցանկի եւ կրթական ծրագրերի վերլուծությանն ու վերանայման  առնչվող մի շարք հարցեր:

Համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանի զեկուցմամբ՝ վերջին երկու շաբաթների ընթացքում բուհում կազմակերպվել են ակտիվ քննարկումներ՝ ներգրավելով ոլորտի խոշոր գործատուներին: Ձեւավորվել են համապատասխան առաջարկություններ, որոնք  ներկայացվելու են ՀՀ կառավարություն:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի համար գյուղատնտեսության ոլորտի եւ ագրոկրթության զարգացումը գերակա նշանակություն ունի. «Ագրարային համալսարանի վրա բավականին մեծ պատասխանատվություն է ընկնում՝ սկսած ագրոկրթությունից, վերջացրած  այս ոլորտում  գիտական  նորարարությունների ներմուծումը: Մեր հիմնական խնդիրն աշխատաշուկայի ագրոկրթության պահանջների համապատասխանեցումն է եւ մենք պետք է լուծումներ գտնենք: Մենք կարող ենք մարզերում ներդնել ագրոդպրոցի գաղափարը, որի հաջողված փորձը մի քանի օրինակով արդեն ունենք»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ագրոկրթության  որոշ  մակարդակներ պետք է հասանելի լինեն նաեւ հասարակության լայն շերտերին: «Ես, որպես կրթության եւ գիտության նախարար, ագրարային համալսարանից ակնկալում եմ նաեւ միջին մասնագիտական եւ արհեստագործական կրթության համակարգում ագրոմասնագիտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի իրագործում՝ առավել որակյալ գյուղատնտեսական կադրեր պատրաստելու հեռանկարով»,- նշել է  նախարարը՝ շեշտելով  աշխատաշուկայի եւ գործատուների հետ սերտ համագործակցության եւ ընդհանրապես ագրոմասնագիտությունների մրցունակ պահանջարկի ձեւավորման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով կրթական ծրագրերի զարգացմանը՝ նախարարը շեշտել է, որ մասնագիտությունների ճիշտ  եւ ֆունկցիոնալ նկարագրությունը բոլոր բուհերի, այդ թվում նաեւ ագրարային համալսարանի կարեւոր հիմնախնդիրներից է. «Երբ մենք ասում ենք՝  պետք է հստակեցնել տվյալ մասնագիտության տեղն ու դերը աշխատաշուկայում, ապա  որպես աշխատաշուկա չենք կարող դիտարկել  միայն Հայաստանի աշխատաշուկայի ֆիզիկական ծավալները: Վստահաբար կրթական  ծրագրերն ավելի կենսունակ կարող են  լինել միայն ավելի մեծ շուկայի պահանջարկի համատեքստում: Այդ իմաստով կրթական ծրագրերի զարգացումը տարածաշրջանային եւ միջազգային կրթական  համագործակցության  ձեւաչափով  ավելի արդյունավետ կարող է լինել»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելով, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ  Գերմանիայի Դաշնային Հանրապետության  Բավարիա երկրամասում գտնվող Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի համատեղ կրթական ծրագիրն այդ տեսանկյունից հաջողված փորձ է:

Հանդիպման մասնակիցները մի շարք  հարցեր են ուղղել ԿԳ նախարարին, որոնք վերաբերել են կրթության եւ գիտության ոլորտում ընթացող բարեփոխումների գործընթացներին՝ սկսած ավագ դպրոցների ավարտական քնությունների անցկացման նոր կարգից, մինչեւ  բարձրագույն կրթության մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները:

Գիտխորհրդի ընդլայնված նիստին մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչներն ու պրոֆեսորադասխոսական անձնակազմի ներկայացուցիչները: