Երբ ԱԺ պատգամավորները լինեն արտասահմանյան պաշտոնական գործուղումների մեջ, կարող են խմբակցության ղեկավարին լիազորել կարեւոր հարցեր քննարկելիս իրենց փոխարեն քվեարկել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Հովհաննես Սահակյանը:

Անդրադառնալով «Հայաստանի Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նոր խմբագրման այն դրույթին, որ խմբակցության ղեկավարը կարող է խորհրդարանում քննարկումների ժամանակ քվեարկել խմբակցության անդամների փոխարեն, Սահակյանը նշեց, որ մի շարք զարգացած երկրներում նման ինստիտուտ գործում է: «Օրինակ՝ Ֆրանսիայում, եթե չեմ սխալվում, Սահմանադրության 27-րդ հոդվածը այդպիսի իրավասություն տրամադրում է: Գուցե այս դրույթի մեթոդները եւ ձեւը տարբեր են: Այդ հարցը նույնպես կքննարկենք»,- ասաց պատգամավորը:
Նրա պարզաբանմամբ՝ օրինակ, երբ պատգամավորները, իրենց պաշտոնական իրավասություններից ելնելով, գործուղման մեջ են՝ ԵԱՀԿ նստաշրջանին մասնակցելու համար, իսկ խորհրդարանում կարեւոր քվեարկություն է անցկացվելու, եւ ձայների շեմն այնպիսին է, որ նրանց բացակայությամբ քվեարկությունը կարող է տապալվել, ապա այդ պատգամավորները կարող են այդ հարցով իրենց դիրքորոշման վերաբերյալ ստորագրված նամակ ներկայացնել եւ համապատասխան խորհրդարանական խմբակցության ղեկավարին լիազորել քվեարկել այս կամ այն օրինագծով: «Մենք փորձում ենք ավելի հստակեցնել այդ դրույթը»,- հավելեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ խորհրդարանը նոյեմբերի 30-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի օրինագիծը, որով պատգամավորների եւ խորհրդարանական խմբակցությունների համար նոր իրավասություններ են առաջարկվում: