Վայոց ձորի Գետափ համայնքի բնակիչ Գրիգոր Արամյանը պնդում է, որ գյուղապետն իրեն թույլ չի տալիս անասնագոմ կառուցել իրեն իսկ պատկանող հողատարածքի վրա:
«2011թ.-ին դիմել եմ գյուղապետ Գագիկ Ալոյանին, գնել եմ հողատարածք, որտեղ պետք է անասնապահական գործունեությամբ զբաղվեմ: Հինգ տարի ա` թույլ չեն տալիս գոմս կառուցել, անասունները դրսում են մնացել, 1500 ոչխար ունեի, 500-ն են մնացել, որովհետեւ անցած ձմեռ ուրիշի նավեսի տակ են մնացել, սատկել ա 1000 ոչխարս»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նա` նշելով, որ հիմա տեղ չունի անասուններին ձմռանը պահելու համար:
Գրիգոր Արամյանի պատմելով` ինքը բազմիցս դիմել է մարզպետին, վարչապետին, սակայն ոչ մի փոփոխություն. Բոլորն ասում են` գյուղապետի հետ քննարկիր ստեղծված իրավիճակը. «Գյուղապետն ասում ա` քանի ես գյուղապետ եմ, դու էդ անասնագոմը չես սարքելու: Ես նույնիսկ սկսել էի շինարարությունը, բայց եկան, տուգանեցին»:
Համայնքի ղեկավար Գագիկ Ալոյանը մեզ հետ զրույցում նշեց, սակայն, որ ոչ թե ինքն է արգելում, այլ ավագանին, քանի որ հանրային շահն ավելի կարեւոր է: Գյուղապետն ընդգծեց` եթե իմանար, թե ով է Գրիգոր Արամյանը, հողատարածքը նրան չէր վաճառի, ապա հավելեց` Արամյանի կովերի եւ ոչխարների պատճառով ամբողջ գյուղն է տուժում:
«Գրիգոր Արամյանը մեր համայնքի բնակիչ չի եղել, Շատինից էր, իրեն այնտեղ այնքան վատ է պահել, որ դուրս է եկել, գնացել է Աղավնաձոր, որտեղից էլ եկել է մեր գյուղ: Դիմել է ինձ, ես նրան չեմ ճանաչել ընդհանրապես, որ իմանայի` ով էր, հողատարածքը չէի տրամադրի: Նախ հատկացրել եմ 1,5 հա հող, ապա եւս 110 հա արոտավայր, որը շատ մոտ է մեր գյուղացիների հողամասերին: Այդ օրվանից սկսել է մեր գյուղի սարսափը. Ինչքան տնկարկ, ցորեն, բանջարեղեն կա, Արամյանի անասուններն ամբողջությամբ ավիրել են: Փաստացի բողոքներ ունենք բազմաթիվ, հիմա նույնիսկ 2,5 մլն դրամի տուգանք ունի, որը չի վճարել»,- ասաց գյուղապետը:
Գագիկ Ալոյանի խոսքով, հենց այդ պատճառով է ավագանին որոշում կայացրել արգելել այնտեղ շինարարությունը` հանրային շահը վեր դասելով անձնականից:
«Մենք պատրաստ ենք 6 հարյուր մետր հեռու տարածք հատկացնել, սակայն սկզբունքորեն չի համաձայնվում»,- նշեց նա:




























