Ձնե մարդու պատմությունը ծագում է միջնադարից։ Թե կոնկրետ երբ եւ որտեղ են գլխի ընկել, որ կարելի է ձնից մարդուկներ պատրաստել, պատմությանը հայտնի չէ։ Ձնե մարդու մասին առաջին գրավոր հիշատակումը հանդիպում է 18-րդ դարում։ Ձնե մարդու պատկերներն առաջին անգամ որպեսզ զարդարանք հայտնվել էին Լայպցիգում հրատարակված մանկական երգերի գրքում։
Ձնե մարդուկները չար էին համարվում, քանի որ խորհրդանշում էին ձմեռը՝ բուք ու բորանով։ Տարբեր ազգերի մոտ ձնե մարդու հետ կապված տարբեր հավատալիքներ են պահպանվել։ Միջնադարում համարվում էր, որ չի կարելի լիալուսին ժամանակ ձնե մարդ ծեփել։ Նորվեգիայում ավանդությունը պատմում է, որ ուշ երեկոյան վտանգավոր է վարագույրի հետեւից ուսումնասիրել ձնե մարդուն։
Միայն 19–րդ դարում ձնե մարդն ազատվեց իր չար կերպարից։ Նրա գլխին շուռ տված դույլը խորհրդանշում էր բարեկեցություն տանը։ Ռումինիայում վաղուց տարածված է ձնե մարդուն սխտորի պճեղներից ուլունքներով զարդարել։





























