Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը դիմել է՝ Հանրապետական կուսակցության շարքերն անցնելու համար։ Այդ քայլի պատճառները համընկնում են վարչապետ Կարեն Կարապետյանի բարձրաձայնած պատճառների հետ, հայտնեց Լեւոն Ալթունյանը դեկտեմբերի 6–ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ։

«Բազմիցս ասվել է, որ վարչապետն ու իր թիմը եկել են, որպեսզի ինչ որ բան փոխեն։ Ես կարծում եմ՝ Դոն Կիխոտի օրինակը մեզ ծառայել է նախազգուշացում, որպեսզի հասկանանք, որ միայնակ մենք բան չենք կարող փոխել։ Պետք է նշել, որ Հանրապետականն ամենաազդեցիկ ուժն է այսօր Հայաստանում, եւ եթե ինչ–որ մեկը ցանկություն ունի ինչ–որ բան փոխելու, ապա պետք է միանա այդ ուժին», – ասաց նա։

Նախարարը մտավախություն չունի, որ ՀՀԿ–ին անդամակցելը կարող է ազդել իր վարկանիշի վրա, որի հետ «շատ են փորձել խաղալ, բայց չի ստացվել»։

Խոսելով այն մասին, թե նա ինչ գիտի ՀՀԿ գաղափարախոսության մասին, Ալթունյանը նշեց, որ Նժդեհի հիմնական գաղափարախոսությունը չի փոխվել, եւ մնում է նրա հիմնական պատգամը՝ Ազգային ազատ անկախ Հայաստանի գաղափարը, որին էլ նա հույս ունի ծառայելու։