Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը պնդում է` ինքը պայքարում է ոչ միայն ամուսնու դաժան սպանության հանգամանքները պարզելու համար, այլեւ որ նման դեպքեր չկրկնվեն: Այս մասին այսօր` դեկտեմբերի յոթին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայտնի լեզվաբանը:
«Ուզում ենք, որ նման դեպքերը բացառվեն»,- ասաց Փառանձեմ Մեյթիխանյանը:
Լեզվաբանը հայտնեց, որ իրեն բավարարում է նախաքննությունը: Ըստ Մեյթիխանյանի` մեղադրյալների գաղտնալսումներին ծանոթանալուց հետո ինքը միայն խղճում է այդ երիտասարդների հարազատներին. «Եթե մինչեւ այդ ես որպես մանկավարժ, մտածում էի` միգուցե չեն ցանկացել, դիտավորություն չեն ունեցել, սակայն ես լսել եմ մեղադրյալ Արարատ Նիկողոսյանի խոսակցությունն ընկերուհու հետ, երբ նա ասում է` բա խփել եմ, ինչ պիտի անեի: Մեկ այլ խոսակցությամբ Արարատ Նիկողոսյանը խոսում է գործով վկա անցնող Մարիամ Գրիգորյանի հետ եւ ասում է` դատաքննությամբ դեռ կապացուցվի, թե ով է հիմնական հարվածողը, միգուցե Յուրին է: Այս ամենը նշանակում է` բավարար ապացույցներ կան նրանց բոլորի նկատմամբ»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն էլ նշեց, որ այս գործով օրերս նախաքննության ավարտ է հայտարարվել 5 մեղադրյալների մասով, մինչդեռ ծեծին մասնակցել է վեց մարդ:
«Նախաքննությամբ ապացուցվել է, որ ի սկզբանե եղել է երեք անձ, այնուհետեւ նրանց միացել են եւս երեքը, այդ թվում Խաչիկ Կոսյանը: Հենց Կոսյանը, որը ԴԱՀԿ աշխատակից է եղել, մահակով հարվածել է Եղիշե Խաչատրյանի ամուսնուն: Նախաքննությամբ ապացուցվել է, որ քսանից ավելի հարված է եղել, որից տասը կյանքի համար վտանգավոր»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:
Նույն գործով կալանավորված են Երեւանի Էրեբունի փողոցի բնակիչներ 26-ամյա Խաչիկ Կոսյանը, 26-ամյա Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը եւ Արթուր Զաքարյանը: Հատուկ քննչական ծառայությունը որոնում է վեցերորդ անձին:





























