2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 204,770 հաշմանդամ, որոնցից 8147-ը երեխաներ են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ հիվանդությունների թվում առաջին տեղում են սիրտ-անոթային հիվանդությունները, որոնց համար է ավելի հաճախ հաշմանդամություն տրվում: Հաջորդում են հոգեբուժական հիվանդությունները, նորագոյացությունները, նյարդային համակարգի, էնդոկրինային հիվանդությունները: «Վերջին 10 ամիսներին 66,009 մարդ բժշկական փորձաքննություն է անցել, որոնցից միայն 62,670 մարդ է հաշմանդամի կարգավիճակ ստացել»,- նշեց Սողոյանը:
Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը նաեւ տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ 2017 թվականից փորձաքննություն անցած, բայց հաշմանդամության կարգավիճակ չստացած բոլոր անձինք նույնպես պետպատվերով կբուժվեն:
«Եթե նախկինում այդ անձինք ընդգրկված չէին անվճար բուժօգնություն ստացողների ցուցակում, ապա 2017 թվականից սկսած նրանք այդպիսի հնարավորություն կստանան, որը թույլ կտա հետագայում հաշմանդամությունից խուսափել»,- նշեց Արմեն Սողոյանը:





























