Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բոլոր մասնաշենքերը նորմալ ջեռուցվում են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մանկավարժական համալսարանից՝ անդրադառնալով համալսարանի բանասիրական ֆակուլտետի նախկին դեկան Յուրի Դավթյանի հայտարարությանը, թե անկավարժականի բանասիրական ֆակուլտետի լսարաններում ամսից ավելի՝ ինչ ցրտերը սկսել են, սառնամանիք է:

Մանկավարժական համալսարանի հաղորդագրության մեջ ասվում է.

«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բոլոր մասնաշենքերում ջեռուցման գործընթացը, ինչպես ամեն տարի, այս տարի եւս սկսվել է նոյեմբերի 1-ից: Համալսարանի 3-րդ մասնաշենքի բոլոր լսարանները, որտեղ կազմակերպվում են ոչ միայն Բանասիրական ֆակուլտետի, այլեւ Օտար լեզուների եւ Գեղարվեստական կրթության ֆակուլտետների ուսանողների դասընթացները, նորմալ ջեռուցվում են, ինչում կարող են համոզվել բոլոր ցանկացողները: Այս եւ նախորդ ուսումնական տարիներին բանասիրական ֆակուլտետի ղեկավարության եւ ուսանողների կողմից լսարանների եւ աշխատասենյակների ջեռուցման հետ կապված բողոքներ կամ դժգոհություններ երբեւէ չեն ներկայացվել Համալսարանի ղեկավարությանը:

Նշենք, որ համալսարանի բանասիրական ֆակուլտետի նախկին դեկան Յուրի Դավթյանը մասնավորապես նշել էր. «Մանկավարժականի բանասիրական ֆակուլտետի լսարաններում ամսից ավելի՝ ինչ ցրտերը սկսել են, սառնամանիք է: Իմ ուսանողների ուղիղ կեսը հիվանդացել են: Ավելորդ չեմ համարում ասել, որ ուսանողները փող են վճարում նորմալ պայմաններում սովորելու համար: Իմ դեկանության բոլոր տարիներին ես ահազանգել եմ այդ մասին: Սակայն, ինչպես ասում են, ձայն բարբառոյ յանապատի»:

Նշենք, որ NEWS.am-ի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել բանասիրական ֆակուլտետի ուսանողներից, որ նորմալ չեն ջեռուցվում լսարանները: