Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Հուսեյնբալա Միրալամովը ճգնաժամից ելքի հեշտ ճանապարհ է գտել եւ ադրբեջանցիներին կոչ է արել քիչ ուտել:

«Մարդիկ պետք է հասկանան, որ հիմա դժվար ժամանակներ են եւ պետք է ամեն ինչում տնտեսել: Օրինակ՝ պետք է քիչ ուտել: Ես մեծ թվով մարդկանց եմ ճանաչում, որոնք միս եւ ձուկ չեն ուտում, դրա փոխարեն հրաշալի կազմվածք ունեն: Իսկապես պետք է քիչ ուտել, դա առողջության համար օգտակար է»,- ասել է պատգամավորը:

Հրապարակումը մեծ արձագանք է հարուցել եւ պատգամավորին ուղղված բացասական մեկնաբություններ հավաքել: Ամեն ինչից զատ, պատգամավորին խորհուրդ են տվել, որ ինքը քիչ ուտի, նաեւ անցնի օրվա ապրուստի նվազագույն չափի եւ սկսի օգտվել բացառապես հասարակական տրանսպորտից: