Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի` Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում տեղի ունեցած չարաշահումներին մասնակցություն ունենալու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը, որը պաշտպանում է գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրենի պատճառով տուժած աշխատակիցների շահերը:

«Մենք հաղորդում էինք ներկայացրել ոստիկանություն, որ Բերիկյանը կապ ունի այնտեղ տեղի ունեցած չարաշահումների մեջ: Քննիչը մերժեց քրեական գործ հարուցել, մենք բողոքարկեցինք դատախազություն; Այստեղ արդեն վերացրին քննիչի որոշումը եւ քրեական գործ հարուցեց, որն ավելի ուշ կարճեցին: Մենք շարունակում ենք պնդել, որ Բերիկյանին պետք է մեղադրանք առաջադրել, այդ պատճառով դատախազի եւ քննիչի որոշումները բողոքարկել ենք դատարան»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Նշենք, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի շուրջ աղմուկը չի դադարում 2014թ.-ից: Այդ ժամանակ գիշերօթիկ դպրոցի մի խումբ աշխատակիցներ բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ:

Ավելի ուշ Գայանե Մարգարյանն աշխատանքից ազատվեց, նրան մեղադրանք առաջադրվեց: Նախաքննությամբ ապացուցվեց, որ նա 7 տարի շարունակ կազմակերպության կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ հրամանագրել է ՊՈԱԿ-ում փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների: Արդյունքում` պետական բյուջեից ՊՈԱԿ-ին փոխանցված գումարներից վերոհիշյալ անձանց անուններով ելքագրել ու յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 46.535.970 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ամենամյա եւ ֆիզիոլոգիական արձակուրդայինների համար տրվող գումարները: Բացի այդ, 2004-2014 թվականների ընթացքում Գ.Մարգարյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանի եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ, հաշվարկել է ՊՈԱԿ-ում փաստացի չաշխատող 4 աշխատակցի, սակայն նրանց անվամբ ելքագրված գումարները տվել է ՊՈԱԿ-ում աշխատող նրանց հարազատներին եւ ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար` այդկերպ ՊՈԱԿ-ի միջոցներից վատնելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7 մլն 747 հազար դրամ գումար: Գործով դատաքննությունն արդեն սկսվել է: