«Հանրապետական» կուսակցության հնաբնակ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը կարծում է, որ կուսակցության նորեկները որեւէ բան փոխելու համար չեն անդամագրվել կուսակցությանը կամ դարձել կուսակցության գործադիր մարմնի անդամ: Այս մասին նա ասաց NEWS.amի հետ զրույցում: Հիշեցնենք, որ ՀՀԿ  համագումարում Ռազմիկ Զոհրաբյանը եւ Դերենիկ Դումանյանը լքեցին գործադիր մարմինը, իսկ նրանց փոխարենգործադիր մարմնի կազմում ընդգրկվեցին  վարչապետ Կարեն Կարապետյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հարցին, հնաբնակներին նոր անդամներով փոխարինելը ի՞նչ կարող է փոխել կուսակցությունում, օրինակ Արփինե Հովհաննիսյանը ինչ է փոխելու, որը չկարողացավ անել Ռազմիկ Զոհրաբյանը,  վերջինս պատասխանեց. 

«Ով է ասել, որ Արփինե Հովհաննիսյանը գալու է ինչ որ բան փոխելու: Կուսակցությունը էդպես մի թեթեւ կառույց չէ, որ ինչ-որ մեկը գա ինչ-որ բան փոխի: Կուսակցությունն ունի իր գաղափարախոսությունը, ծրագիրը, անցած ճանպարհը, 25 տարվա պատմություն: Այսինքն` նրանք գալու են աջակցելու: Փոխելու են թերությունները, ոչ թե գաղափարը ծրագիրը, ուղղությունը, ո՞ր կուսակցությունը թերություն չունի»:

Թե որն է կուսակցությունը թերությունը, ՀՀԿ-ի ավագ սերնդի ներկայացուցիչը մատնացույց արեց  լրատվամիջոցների սուբյեկտիվ ու օբյեկտիվ հրապարակումները:

Հարցին` օրինակ,  ՀՀԿ-ի թերությունների՞ց է խորհրդարանում այնպիսի  պատգամավորներ ունենալ, ինչպիսիք են Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, որոնք երբեւեէ օրենսդրական գործունեությամբ չեն զբաղվել, պատասխանեց. 

«Մեր խորհրդարանը մեր հասարակության արտապատկերն է, ինչ հասարակություն ունենք, այդպիսի խորհրդարան էլ ձեւավորվում է: Տարբեր ձեւի մարդիկ կան, ժամանակ կանցնի եւ չեն գա նաեւ այդ մարդիկ, իրենք մեղք չունեն, որ հայտնվել են այնտեղ, հասարակությունն է թելադրում ամեն ինչ, նույնիսկ ամենաբարձր ղեկավարության ընտրությունը: Ինչպիսին հասարակությունն է,այնպիսին էլ բարձր ղեկավարությունը»,-եզրակացրեց պատգամավորը:

 Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն` Ռազմիկ Զոհրաբյանը ՀՀԿ ավագ  սերնդի  այն պատգամավորների թվում է, որոնք հաջորդ խորհրդարանում չեն լինելու: