WikiLeaks -ի իրազեկիչ, ամերիկացի զինվորական Բրեդլի Մեննինգի բանտարկության ժամկետը կրճատելու մասին խնդրագիրը հավաքել է ավելի քան 100 հազար ստորագրություն, հենց այդքան է անհրաժեշտ, որ այն քննարկվի Սպիտակ տան կողմից։

Ավելի վաղ հայտնել էին, որ նոյեմբերի 14-ին Բրեդլի Մեննինգը խնդրագիր է ներկայացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունով՝ խնդրելով իր 35-ամյա ազատազրկման ժամկետը կրճատել մինչև 6 տարի, որն արդեն անցել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեննինգին կալանավորել էին 2010-ի մայիսին Իրաքում, որտեղ նա անցնում էր իր ծառայությունը։ Նա խոստովանել էր, որ WikiLeaks կայքին հրապարակման համար փոխանցել էր այն օդային հարվածների տեսագրությունը, որոնց հետևանքով զոհվել էին խաղաղ բնակիչներ, նաև հարյուր հազարավոր զեկույցներ Աֆղանստանում ու Իրաքում պատերազմների ժամանակ ռազմաճակատում տեղի ունեցած միջադեպերի մասին  և Գուանտանամոյի բանտարկյալների դոսյեն։

Տրիբունալը 2013-ի վերջին նրան 35 տարվա ազատազրկման էր դատապարտել։

2015-ի փետրվարին հայտնի է դարձել, որ ԱՄՆ զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ Մեննինգը որոշել է հորմոնալ թերապիայի կուրս անցնել ու դառնալ կին՝ գտնվելով Ֆորտ Լիվենուորթ ռազմակայանի բանտում։ 2014-ի ապրիլին Քանզաս նահանգի դատարանը թույլատրել է Մեննինգին փոխել անունը ու կոչվել Չելսի Էլիզաբեթ։ 2015-ի մարտին ռազմական վերաքննիչ դատարանը Մեննինգին կին է ճանաչել։