Դեկտեմբերի 11-ին Մակեդոնիայում համընդհանուր ընտրություններ են անցկացվում։ Դրանք անցկացվում են ԵՄ աջակցությամբ՝ երկրի չորս խոշորագույն քաղկուսակցությունների միջեւ տարաձայնությունները հաղթահարելու նպատակով, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Այս տարվա հունվարին կոնսերվատիվ քաղաքական գործիչ Նիկոլա Գրուեւսկին, որը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրա մրցակիցը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Զորան Զաեւը հրապարակել է քաղաքական գործիչների խոսակցությունների ձայնագրությունները, որոնք արել էին պետանվտանգության մարմինները՝ կառավարությանը մեղադրելով կոռուպցիայի մեջ։

Դրանից հետո երկրում քաղաքական ճգնաժամ է սկսվել, որը ուղեկցվում էր անկարգություններով։ Խոշորագույն կուսակցություններն ունակ չէին պայմանավորվել կոալիցիոն կառավարության ձեւավորման շուրջ։

Ներկա ընտրությունների ընթացքում ալբանական փոքրամասնությունը, որը կազմում է Մակեդոնիայի բնակչության գրեթե մեկ քառորդը, կարող է վճռորոշ ազդեցություն թողնել ընտրությունների արդյունքների վրա։