ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, որը դեկտեմբերի 11-ին չծրագրված այցով Իրաք է ժամանել, հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ, նրանք քննարկել են Մոսուլի ազատագրման գործողությունը ու Իրաքի քրդերի հետ համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Պենտագոնի մամուլի ծառայությունը։

«Նրանց արդյունավետ զրույցը հիմնականում նվիրված է եղել ԻՊ ջախջախման ռազմարշավին, նախարար Քարթերը կարեւորել է իրաքյան անվտանգության ուժերի գործողությունները Մոսուլի համար շարունակվող մարտերում,- պատմել են գերատեսչությունից,-Նրանք քննարկել են մոսուլյան գործողության ընթացքում հետագա քայլերը ՝ այդ թվում Իրաքի կառավարության ու քրդական տարածաշրջանի իշխանությունների միջեւ սերտ համագործակցությունը շարունակելը»։

Մոսուլը, Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը, ավելի քան երկու տարի ԻՊ հսկողության տակ է գտնվում։