Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես կգա հակասեմիտության պաշտոնական բնորոշման օգտին, ինչը նրա կարծիքով կհեշտացնի հրեաների նկատմամբ ատելության հողի վրա հանցագործության մեջ մեղավորներին պատասխանատվության կանչելը, փոխանցում է BBC–ն։

Հստակ բնորոշումը, թե ինչն է պետք համարել հակասեմիտություն, կօգնի ոստիկանությանը, քաղաքապետարաններին, համալսարաններին ու այլ կազմակերպություններին, համարում է կառավարությունը։

Հոլոքոսթի հիշատակի միջազգային դաշինքը (IHRA) հույս ունի, որ այդ պաշտոնական բնորոշումը, որը միայն այս տարի է համաձայնեցվել, կընդունվի միջազգային մակարդակով։

Այդ ձեւակերպման մեջ հակասեմիտություն է համարվում «հրեաների նկատմամբ որոշակի վերաբերմունքը, որը կարող է արտահայտվել հրեաների նկատմամբ ատելությամբ»։

Հետո տեքստում նաեւ ասվում է, որ «հակասեմիտության հռետորական ու ֆիզիկական դրսեւորումն ուղղվում է հրեաների կամ ոչ հրեաների, նրանց ունեցվածքի, հրեական համայնքի կազմակերպությունների ու կրոնական շենքերի դեմ»

Դաունինգ սթրիթի հայտարարության մեջ ասվում է, որ հակասեմիտիզմի պաշտոնական բնորոշման ընդունումը կօգնի պատասխանատվության կանչել հակասեմիտներին։ Առայսօր դա բավականին դժվար էր անելը, քանի որ այդ հասկացությունը հստակ բնորոշում չուներ ու այն տարբեր կերպ էր մեկնաբանվում տարբեր կառույցների կողմից։