Ավստրալիայում աշխատող բրիտանացուն մեղադրանք են առաջադրել լողազգեստների խանութների հանդերձարաններում կանանց գաղտնի լուսանկարելու համար։ Քննության վարկածով բրիտանացին, որին օրերս են ձերբակալել հենց «հանցագործության վայրում»՝ խանութում, այդ կանանց լուսանկարները ու տեսագրությունը ներբեռնում էր Facebook–ի փակ էջ, հայտնում է BBC–ն։

Ահազանգողը խանութի այցելուներից մեկն է եղել, որը նկատել էր, որ 28-ամյա տղամարդը հանդերձարաններից մեկի մոտ կանգնած ՝ վերեւից բջջային հեռախոսով նկարում է։ Ժամանած ոստիկանները բրիտանացու հեռախոսում ավելի քան 100 կնոջ լուսանկար են հայտնաբերել։

Առայժմ ոստիկաններին հաջողվել է նույնականացնել տուժածներից միայն 49-ին։ Ոստիկանության բաժանմունքը նոյեմբերի կեսերից մինչև դեկտեմբեր ժամանակահատվածում հանդերձարաններից օգտված բոլոր կանանց կոչ է անում կապվել ոստիկանների հետ, քրեական գործի համար նյութ հավաքելու համար։ Բրիտանացին դատարանի առջեւ կկանգնի դեկտեմբերի 19-ին։ Նրան մեղադրանք են առաջադրելու անձնական կյանքի իրավունքը խախտելու համար։